Վճարը
Տեսական քննությանը մասնակցելու համար պետք է վճարել 3000 ՀՀ դրամ։ Վճարումը կարող եք անել քննական բաժանմունքում տեղադրված վճարային տերմինալներով կամ առկա բանկի մասնաճյուղերում։
Փաստաթղթերը
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է ներկայացնեն անձնագիր կամ նույնականացման քարտ (ID CARD)։
Ինչ լեզուներով կարելի է քննություն հանձնել
Տեսական քննություններն անցկացվում են հայերեն, ռուսերեն, անգլերեն, պարսկերեն կամ արաբերեն:
Քննության բովանդակային մասը
Տեսական քննություններն անցկացվում են 2 մասից բաղկացած համակարգչային թեստերի միջոցով`
- հոգեբանական թեստ.
- գիտելիքների ստուգման թեստ:
Հոգեբանական թեստ
Հոգեբանական թեստը բաղկացած է պատասխանի 2-5 տարբերակ պարունակող 3 հարցերից։ Օրինակ՝
Քննություն հանձնողը պարտավոր է ճիշտ պատասխանել 3 հարցերին։
Նույնիսկ մեկ սխալի դեպքում չի թույլատրվում անցնել հաջորդ փուլ։
Գիտելիքների ստուգման թեստ
Գիտելիքների ստուգման թեստը կազմված է պատասխանի 2-5 տարբերակ պարունակող 20 հարցերից։
Տեսական քննությունը համարվում է դրական հանձնված, եթե քննություն հանձնողը գիտելիքների ստուգման թեստի հարցերից առնվազն 18-ին տվել է ճիշտ պատասխան։
Թեստի հարցերին պատասխանելու համար տրվում է 30 րոպե ժամանակ, որը լրանալուց հետո թեստի լրացումը դադարեցվում է:
Գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարը բաղկացած է հետևյալ բաժիններից`
- հարցեր «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքից (յուրաքանչյուր թեստում` 2 հարց),
- հարցեր Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշման՝
- ճանապարհային երթևեկության կանոնները (յուրաքանչյուր թեստում` 15 հարց),
- տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը (յուրաքանչյուր թեստում` 2 հարց),
- հարցեր երթևեկության մասնակիցների կյանքի անվտանգության և պատահարների դեպքում առաջին օգնության և ինքնօգնության քայլերի վերաբերյալ (յուրաքանչյուր թեստում` 1 հարց):